Եվրոպացի պատգամավորները պատրաստ են կասեցնել ԱՄՆ-ի հետ ԵՄ առևտրային գործարքի հաստատումը նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու խոստման պատճառով, որոնք ամերիկյան սպառնալիքների պայմաններում աջակցել են Գրենլանդիային: Եվրոպական խորհրդարանի խոշորագույն քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Մանֆրեդ Վեբերը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնությունն այլևս հնարավոր չէ:               
 

Անարդար, վտանգավոր և բարոյապես անընդունելի ընդհանրացում

Անարդար, վտանգավոր և բարոյապես անընդունելի ընդհանրացում
19.01.2026 | 15:17

Երկու օր առաջ Ֆրանսիայի Լը Ման քաղաքում գնացել էինք դիտելու Թամարա Ստեփանյանի նկարահանած` «Արտոյի երկիրը» ֆիլմը։ Երբ խոսքը վերաբերում է հային, հայկականությանը և հայկականին, ես անում եմ ամեն ինչ, որ իմ համեստ մասնակցությամբ դա հաջողություն ունենա։

Տոմսերը գնեցինք, հարմար տեղավորվեցինք, որպեսզի վայելենք Հայաստանը ներկայացնող հերթական ֆիլմը։ Ընթացքում պարզվեց, որ ֆիլմի սկիզբը Գյումրու մասին է, որտեղից էլ ես ծնունդով եմ։

Մի քանի րոպե անց սկսեցի արդեն ավելի ուշադիր դիտել և ոչ մի բան բաց չթողնել, որովհետև սկսեցի ստանալ բացասական ու տհաճ իմպուլսներ, և մինչև ֆիլմի վերջ այդ զգացողությունը միայն ուժեղացավ։ Իսպանական ամոթով կնոջս հետ դուրս եկանք դահլիճից։

Այս ֆիլմը գոյություն ունենալու իրավունք չունի այն իմաստով, որ այն ամբողջովին բացասական պատկեր է ստեղծում Հայաստանի, Գյումրու, ավանդույթների և ընդհանրապես Հայաստանի մասին ընդհանուր առմամբ։ Ես կհամաձայնեի հեղինակի հետ այն իմաստով, որ այս ֆիլմը կարելի էր համարել զուտ գեղարվեստական ստեղծագործություն, եթե վերնագիրը չլիներ «Արտոյի երկիրը», որն ուղիղ տանում է դեպի Հայաստանի նկարագիր։

Եթե, օրինակ, ֆիլմը կոչվեր «Արտոյի ողբերգությունը», «Արտոյի օրագիրը», «Արտոյի միստիկ պատմությունները» կամ որևէ այլ վերնագիր, որը կենտրոնացած կլիներ անհատի կամ նրա անձնական ողբերգության ու պատմության վրա, խնդիրը բոլորովին այլ կլիներ։

Ամենուր կան հանցագործներ, գողեր, վախկոտներ և բռնաբարողներ, բայց մենք իրավունք չունենք վերցնելու մեկ բռնաբարողի, օրինակ` Ջոնի պատմությունը, և ֆիլմը կոչել «Ջոնի երկիրը», ասել է թե` բռնաբարողների երկիրը։ Դա կլիներ անարդար, վտանգավոր և բարոյապես անընդունելի ընդհանրացում։

Կինոն արվեստի շատ հատուկ ճյուղ է՝ օժտված մեծ խորհրդանշական և սոցիալական ազդեցությամբ։ Հեղինակի տեսանկյունից գուցե ֆիլմը տալիս է ներկայացուցչական և արժևորող պատկեր Հայաստանի մասին, բայց իրականում այն, ցավոք, ներկայացնում է երկրի բացասական պատկերը, հենց վերնագրի և միջավայրն ու անձանց այդ կերպ ներկայացնելու պատճառով։

Գեղարվեստական մտադրությունը բավարար չէ չեզոքացնելու ստեղծագործության իրական ազդեցությունը, երբ այն բացահայտորեն մի երկրի կապում է շեղված վարքագծերի կամ երևույթների հետ։ Այստեղ է խնդրի էությունը։ Ես կարդացել եմ և դիտել եմ հարցազրույցները, բացատրությունները ֆիլմի շոշափած թեմայի շուրջ, բայց դրանք լավ մտածված, հիմնավորված չեն։

Երբ մենք տեսնում ենք, որ ինչ-որ մեկը վիրավորում է Հայաստանը, բնականաբար, առաջանում է այն պաշտպանելու կարիք, որովհետև Հայաստանը, նախ և առաջ, բոլոր հայերի երկիրն է, հայրենիքը։ Հայաստանը իմ երկիրն է, և ես չեմ ընդունում, որ որևէ մեկը իրեն թույլ տա ընդհանրացնել, որոշել և Հայաստանը կոչել դավաճանների կամ դասալիքների երկիր։

Գիտե՞ք, ֆիլմում խոսվում է Արտոյի մասին, որը դասալիք է, և ֆիլմը կոչվում է «Արտոյի երկիրը»։

Ստեղծագործության, իրավիճակի կամ անհատի քննադատությունը եթե արդարացված է, այն ամբողջ ժողովրդի կամ երկրի խարանավորում չպիտի ստեղծի։ Ազատ արվեստի կամ խոսքի և հավաքական արժանապատվության դեմ ուղղված վիրավորանքի միջև սահման գոյություն ունի, և այն չի կարելի հատել։

Այս համատեքստում Հայաստանը պաշտպանելը հուզական ավելորդ ռեակցիա չէ, այլ իրավունք է և նույնիսկ պարտականություն, երբ անարդար ընդհանրացումները հարվածում են երկրի և ժողովրդի ինքնությանն ու պատվին։

Ես գիտեմ, որ սկզբնական վերնագիրը եղել է «Քանի դեռ երկինքը թույլ է տալիս», հետո, չգիտես ինչու, և ես խոր կասկածներ ունեմ, թե ինչու, փոխվել է և դարձել «Արտոյի երկիրը»։

Արտոն դասալիք է և իր էությամբ՝ հակահերոս։ Ի՞նչ իմաստ ունի հակահերոսի մասին ֆիլմ նկարահանել և ասել, որ Հայաստանը հակահերոսների երկիր է։

Հիշո՞ւմ եք՝ մի գիրք կա՝ «Երկրի հակառակ կողմը», որը ներկայացնում է հեղինակի կողմից վատ, հոռի, պիղծ հայի կերպարը։ Ի դեպ, այդ մարդը այսօր ՀՀ վարչապետն է։

Ես չեմ ուզենա, որ ինչ-որ մեկը դիտի այս ֆիլմը, նույնիսկ, եթե այն նկարահանված է Հայաստանում։ Մի տրվեք կույր կարոտից ծնված զգացմունքներին։ Բայց քննադատելու համար անպայման դիտել է պետք։ Դատեք ինքներդ, համեմատեք, վերլուծեք։ Քննադատեք և բանավիճեք միմյանց հետ և ինձ հետ։

Հայաստանում ֆիլմը չի ցուցադրվում։

Սա միայն Սփյուռքի համար է ու օտարների։

Այսօր նաև պարզ դարձավ մի փաստ, որը փարատեց իմ կասկածները․ ֆիլմը հովանավորել է ԿԳՄՍ նախարարությունը՝ այն կառույցը, որը հակահայ է, պիտակավորում է հային, ազգայինը համարում է «հուռա հայրենասիրություն», տապալում է ազգային արժեքները և ՀՀ հերոսներին անվանում ֆաշիստ։

Դրանից հետո դժվար չէ պատկերացնել, թե ինչու է այս ֆիլմը դավաճանի, ինքնասպանի, նշանածին խաբողի, ընտանիքին ստողի, երեխաներին անհայր թողնող, թուլամորթ, մարտական ընկերների մահվան պատճառ դարձած մարդու մասին։

Հայ տղամարդը, ճանապարհին միայնակ կին տեսնելիս, վնասելու ցանկություն չի ունենում։ Հայ երիտասարդ կինը, որպես կերպար, հոր ներկայությամբ չի ծխում։ Սրանք հայի կերպարները չեն։

Հայաստանը Ամերիկա չէ կամ մեկ այլ բազմազգ ու խառնածին պետություն, որտեղ կարելի է ներկայացնել ինչ ուզես, ինչպես ուզես և անտարբեր ասել՝ «պատմություն էր, անցավ գնաց»։

Սա Հայաստանը դասալիքի և վատ մարդու հետ համեմատելու պետական ծրագրի մաս է, ինչը որոշ չափով ապացուցվում է պրոկառավարական ՀԿ-ների ջանասիրաբար տարածմամբ և գովազդով։

Սա կառավարական հակահայ քարոզչության մի մաս է։ Բայց ես ուզում եմ միամտորեն հավատալ, որ ֆիլմի հեղինակ Թամարան քաղաքական քարոզչության զոհ է դարձել։ Սակայն դա նրան չի արդարացնում, քանի որ ֆիլմը տարածվում է միայն Սփյուռքում, իսկ մենք գիտենք, որ թուրքական պահանջ կա՝ Սփյուռքը կտրել մայր Հայաստանից։

Ամենավատն այն է, որ կինոդահլիճում միայն երկու հայ կար՝ ես և կինս, իսկ մյուսները ֆրանսիացիներ էին, որոնք տեսան, թե որքան վատ և թշվառ վիճակում է Հայաստանը, և որ այն դավաճանների, վախկոտների, մարտական ընկերներին մահվան տանողների ու ինքնասպանների երկիր է։

Սիմոն Կարապետյան

Դիտվել է՝ 196

Մեկնաբանություններ